Չեռնոգորիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Յանկովիչը Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումից առաջ կիսվել է իր սպասումներով և խոսել թիմի ներսում տիրող տրամադրությունների մասին։
«Վերջին տասը տարիների ընթացքում չեմ հիշում՝ երբ եմ հանգստացել, բայց պրոֆեսիոնալ մարզիկների համար սա նորմալ վիճակ է։ Մենք շատ ենք խաղում ու մարզվում, և մեզնից միշտ բարձր մակարդակ է ակնկալվում։ Եթե ինչ-որ մեկը պատրաստ չէ այս ամենին, ապա այս աշխատանքը նրա համար չէ։ Ես հոգնած չեմ, թեև իրականում հոգնած եմ»,- նախախաղային ասուլիսի ժամանակ կատակել է կիսապաշտպանը։
Խոսելով անընդմեջ հաղթանակների և դրա հետևանքով առաջացած սպասելիքների մասին՝ Յանկովիչը նշել է, որ պետք է սթափ գնահատել իրավիճակն ու հողից չկտրվել.
«Ոչ վաղ անցյալում մենք գրեթե ոչ մեկի չէինք հաղթում, իսկ հիմա հանրությունը մեզնից միայն անընդմեջ հաղթանակներ է սպասում։ Դրա հետ հեշտ չէ համակերպվելը։ Կգան պահեր, երբ կլինեն նաև պարտություններ ու ոչ-ոքիներ։ Չի կարելի ճնշում գործադրել հատկապես այն տղաների վրա, ովքեր նոր են միացել թիմին։ Պետք է պարզապես հանգիստ խաղալ և չտրվել էյֆորիային։ Մեր տղաները գիտեն՝ ինչպես դիմակայել այս իրավիճակին»։
Կիսապաշտպանն ընդգծել է նաև, որ լավ արդյունքները երկրպագուներին վերադարձրել են տրիբունաներ.
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է խաղալ լեփ-լեցուն մարզադաշտում։ Սա մեզ ուրախացնում է, բայց նաև պարտավորեցնում է ցուցադրել դիտարժան խաղ»։
Անդրադառնալով Հայաստանի հավաքականի դեմ սպասվող պատասխան հանդիպմանը՝ ֆուտբոլիստը նշել է, որ այս անգամ խաղի ելքը կարող են վճռել ոչ թե տակտիկական լուծումները, այլ թիմերի դիմացկունությունը.
«Կարծում եմ՝ այս անգամ կգերիշխի այն թիմը, որը ֆիզիկապես ավելի լավ պատրաստված կլինի։ Հիմա առաջին պլանում միգուցե ոչ թե որակն է, այլ այն, թե որքանով են ֆուտբոլիստները վերականգնվել։ Մեզ մոտ հաղթելու ցանկությունն ու կամքը հսկայական են։ Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը մեզնից ավելի շատ ցանկանա հաղթել այս խաղում։ Բոլորը հասկանում են իրավիճակի լրջությունը և անում են առավելագույնը, որպեսզի այս ցիկլը ևս եզրափակենք հաղթանակով»,- եզրափակել է Յանկովիչը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
























































