Նիդերլանդների ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը բաց և անկեղծ խոստովանել է, որ ֆինանսական գործոնը վճռորոշ դեր է խաղացել «Մանչեսթեր Սիթիից» Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Կադիսիա» տեղափոխվելու հարցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար արաբական ակումբն անգլիացիներին վճարել է 61 միլիոն եվրո։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սիթին» ձեռք էր բերել Էլիոթ Անդերսոնին, Այուբ Բուադիին և Էնցո Ֆերնանդեսին, ինչի արդյունքում հոլանդացին կորցրել էր իր տեղը հիմնական կազմում: Թեև նրա ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ատլետիկոն», սակայն բանակցությունները փակուղի էին մտել գնի պատճառով: Ըստ ֆուտբոլիստի հոր՝ Մարտին Ռեյնդերսի, Եվրոպայում ոչ մի ակումբ չէր կարող կամ չէր ցանկանում վճարել մանչեսթերյան ակումբի պահանջած գումարը, և միայն «Ալ-Կադիսիան» է պատրաստ եղել գնալ այդ քայլին։
«Ի վերջո, սկսեցի մտածել՝ ուզո՞ւմ եմ ևս մեկ մրցաշրջան մնալ «Մանչեսթեր Սիթիում»՝ չլինելով լիովին երջանիկ, թե՞ ընտրել նոր արկած: Հենց այդ ժամանակ զրուցեցի «Ալ-Կադիսիայի» ու թիմի մարզչի հետ, ինչից հետո ոգևորությունս մեծ էր»,- հոլանդական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Ռեյնդերսը։
Խոսելով արաբական ակումբում իր հսկայական եկամտի մասին (հաղորդվում է, որ նա 5 տարում վաստակելու է 100 մլն եվրո՝ տարեկան 20 մլն եվրո)՝ կիսապաշտպանը չի թաքցրել, որ իրեն նաև փողն է գրավել.
«Այն աշխատավարձը, որն այնտեղ առաջարկում են… թող որևէ խաղացող կամ մարդ փորձի հրաժարվել դրանից։ Մենք բոլորս կարող ենք մեզ սկզբունքային ձևացնել և ասել, որ չէինք համաձայնի, բայց կարծում եմ՝ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»։
Անվտանգությունն ու ընտանիքի ապագան ապահովելը եղել են նրա գլխավոր առաջնահերթությունները։
«Ես չեմ ուզում աշխատել ֆուտբոլային կարիերայիս ավարտից հետո։ Իհարկե, ես դրա կարիքը չունեի նաև «Սիթիից» հեռանալիս, բայց հիմա կարող եմ ապահովել ընտանիքիս ապագա սերունդներին: Չեմ ստի՝ եթե թոռներս կարող են ապրել այս գումարով, ապա ինչո՞ւ չպետք է համաձայնեի դրան»,- անկեղծացել է ֆուտբոլիստը։
Անդրադառնալով քննադատություններին, թե Սաուդյան Արաբիա տեղափոխվելով ֆուտբոլիստներն ավարտում են իրենց կարիերան, Ռեյնդերսը հերքել է այդ տեսակետը։ Որպես ապացույց՝ Նիդերլանդների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը նրան հրավիրել է ազգային թիմ՝ մասնակցելու Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Գերմանիայի դեմ գալիք խաղին:




























































