«Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն պաշտոնապես հեռացավ թիմից՝ լիարժեք տրանսֆերային իրավունքներով տեղափոխվելով թուրքական «Գալաթասարայ»:
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ շնորհակալություն է հայտնել 27-ամյա ֆուտբոլիստին՝ յոթ մրցաշրջանների ընթացքում «ռոսոներիների» մարզաշապիկով ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար։
Ակումբն ընդգծել է Լեաուի մեծ ավանդը 2021/2022 մրցաշրջանում Սկուդետոն և 2024 թվականին Իտալիայի Սուպերգավաթը նվաճելու գործում՝ հաջողություն մաղթելով նրան կարիերայի նոր փուլում։
Պորտուգալացին «Միլան» էր տեղափոխվել 2019 թվականին ֆրանսիական «Լիլից»: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 291 հանդիպում՝ դառնալով 80 գոլի և 65 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի ներկայիս շուկայական արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։
Միևնույն ժամանակ, «Գալաթասարայը» արդեն տեղեկացրել է, որ նորեկը բարեհաջող բուժզննում է անցել ակումբի հովանավոր Acıbadem հիվանդանոցում։
Գործընթացին ներկա են գտնվել նաև թուրքական ակումբի պաշտոնական ներկայացուցիչները։





























































