ԱՄՆ-ում ողբերգական ու դաժան միջադեպ է տեղի ունեցել. սպանվել է Փենսիլվանիայի Կալիֆոռնիական համալսարանի ֆուտբոլային թիմի 18-ամյա խաղացող Կարոլինա Հայնցը: Այս մասին հայտնում է CBS News-ը:
Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդ աղջկա սպանության մեջ մեղադրվում է նրա ընկերը՝ Ռոյս Մոզերը։ Ըստ նախնական վարկածի՝ օգոստոսի 19-ին զույգը հանդիպել է՝ հարաբերությունները պարզելու նպատակով: Խոսակցության ընթացքում Մոզերը խոհանոցից դանակ է վերցրել և մահացու վնասվածք հասցրել 18-ամյա ֆուտբոլիստուհուն, ինչից հետո նրա մարմինը թաքցրել է ավտոմեքենայի բեռնախցիկում:
![]()
Սարսափելի հանցագործությունից հետո երիտասարդն օգնության է կանչել իր մորը՝ Ռեյչելին: Քննության տվյալներով՝ մայր և որդի փորձել են մեքենան ու հագուստը մանրակրկիտ մաքրել արյան հետքերից, ապա ավտոմեքենան թողել են կայանատեղիում:
Իրավապահներին տված ցուցմունքում Մոզերը արդարացել է՝ հայտարարելով, թե վեճի ժամանակ իր մեջ իբր «դև է մտել», ինչն էլ ստիպել է իրեն հարձակվել ընկերուհու վրա:
Ներկայումս Ռոյս և Ռեյչել Մոզերներին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ապացույցները ոչնչացնելու և դիակի նկատմամբ անարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Նրանք գտնվում են կալանքի տակ, իսկ նախնական դատական լսումները նշանակված են օգոստոսի վերջին:
























































