Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան, որը երեկ՝ օգոստոսի 20-ին պաշտոնապես ստանձնեց Երևանի «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը, կիսվել է հայկական ակումբը գլխավորելու առաջին տպավորություններով և սպասելիքներով:
Նորանշանակ մասնագետն ընդգծել է թիմային կարգապահության և անձնվեր աշխատանքի կարևորությունը.
«Ֆուտբոլը խիզախության, հավատի և քրտնաջան աշխատանքի մասին է։ «Նոա» ՖԱ-ում ամեն օր պահանջելու ենք այս գործոնները՝ թե՛ ինքներս մեզնից, թե՛ ակումբի խաղաշապիկը կրող յուրաքանչյուր ֆուտբոլիստից»,- նշել է Գարսիան:
Հիշեցնենք, որ 49-ամյա մասնագետը մինչև «Նոա» գլխավորելն աշխատել է հունական և կիպրական մի շարք ակումբներում։ Նա գլխավորել է հունական ՊԱՕԿ-ի երիտասարդական և հիմնական թիմերը, որոնց հետ հասել է լուրջ հաջողությունների՝ դառնալով Հունաստանի Մ-19 առաջնության հաղթող և երկրի գավաթակիր (2020/21 մրցաշրջանում): Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև «Պանատինաիկոսի», «Ատրոմիտոսի» և կիպրական ԱՊՕԵԼ-ի համակարգերում։
Նշենք նաև, որ Գարսիան նախկինում ունեցել է տպավորիչ խաղային կարիերա՝ հանդես գալով այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Օսասունան» և Վիգոյի «Սելտան», ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները:



























































