Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է երրորդ մեդալը։ 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը գերազանց ելույթ է ունեցել Իրանի ներկայացուցիչ Իլիյա Ալիխանիի դեմ։ Մխիթարյանն առանց միավոր տալու տուշեով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Սա Մխիթարյանի երկրորդ մեդալն է Մ-20 աշխարհի առաջնություններում. նախորդ տարի նա նվաճել էր արծաթե մեդալ։
Ցավոք, բրոնզե մեդալի համար իր գոտեմարտում պարտություն է կրել 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը։ Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեհրուժբեկ Վալիևի հետ դիմակայությունում Խաչատրյանը զիջում էր 0:6 հաշվով, սակայն կարողացավ հավասարեցնել այն և անգամ հաշվի մեջ առաջ անցնել։ Այնուամենայնիվ, վերջնամասում հայ ըմբիշը ևս մեկ միավոր զիջեց մրցակցին և 7:7 հաշվի պայմաններում պարտվեց լրացուցիչ ցուցանիշներով՝ առաջնությունն ավարտելով 5-րդ տեղում։
Հիշեցնենք, որ քիչ անց բրոնզե մեդալի համար պայքարելու է նաև 97 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը, որի մրցակիցը Վրաստանը ներկայացնող հայ ըմբիշ Արման Մկրտչյանն է։



























































