ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքում կայացած RAF 11 մրցաշարում գրանցված անսպասելի արդյունքից հետո, UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է գրեփլինգի կանոններով գոտեմարտում զիջել ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։
Արիել Հելվանիի հեղինակային փոդքասթի ժամանակ Ծառուկյանն անկեղծացել է ու նշել պարտության հիմնական պատճառները՝ վստահեցնելով, որ հաջորդ անգամ արդյունքն այլ է լինելու։
«Ես Վրաստանից էի ԱՄՆ մեկնել՝ ընդամենը երկու օրով։ Ակլիմատիզացիայի հետ կապված որոշակի խնդիրներ կային, բայց գլխավորն այն էր, որ ես նրա համեմատ չափազանց թեթև էի։ Զգացվում էր նրա քաշային առավելությունը։ Պատասխան գոտեմարտում մտադիր եմ քաշ հավաքել և գորգի վրա ապացուցել առավելությունս։ Վստահ եմ՝ նա չի կարողանա ինձ երկրորդ անգամ հաղթել»,- նշել է հայ մարտիկը։
Խոսելով պարտության հոգեբանական կողմի մասին՝ Ծառուկյանը հավելել է․
«Տխրե՞լ եմ արդյոք։ Մի փոքր։ Պարզապես տանել չեմ կարողանում պարտվելը։ Երեկ նույնիսկ պադել էի խաղում, պարտվեցի ու ինքս ինձ հարց տվեցի՝ ինչո՞ւ պարտվեցի։ Ես պարզապես չեմ սիրում պարտվել»։



























































