Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իտալական ֆուտբոլի ներկայիս վիճակի մասին՝ նշելով, որ Ա Սերիան զիջել է իր դիրքերը Եվրոպայում, սակայն ճնշումը ֆուտբոլիստների և մարզիչների վրա մնում է նույնքան մեծ։
«Նախկինում մեր առաջնությունն ուղենիշ էր բոլորի համար, այստեղ խաղում էին աստղերը։ Հիմա մենք, հավանաբար, արդեն հինգերորդն ենք Եվրոպայում, բայց ճնշումը մնացել է նույնը։ Մարզիչներն ամեն կիրակի կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ երկրպագուները չեն ներում սխալները։ Մենք դարձել ենք «տրանզիտային» առաջնություն, ուր մեծ ակումբներն ուղարկում են իրենց ֆուտբոլիստներին՝ զարգանալու համար։ Բայց նույնիսկ այս պարագայում մեր երիտասարդ խաղացողների համար միևնույն է տեղ չկա։ Կարո՞ղ եք հավատալ դրան»,- ասել է Բուֆոնը։
Անդրադառնալով իտալացի ֆուտբոլիստների խաղամակարդակին և ժամանակակից ֆուտբոլի պահանջներին՝ լեգենդար դարպասապահը նշել է, որ աշխարհում ուժերի դասավորվածությունը փոխվել է.
«Մենք ունենք ուժեղ խաղացողներ, այդ թվում՝ Պրեմիեր լիգայում։ Պարզապես ձևացնում ենք, թե չենք հասկանում, թե որքան է փոխվել ֆուտբոլը վերջին 20 տարիների ընթացքում։ Հիմա կարող ես գնալ Բոսնիա և պարտվել հետխաղյա 11-մետրանոցներով, Գերմանիան կարող է զիջել Էկվադորին ու Պարագվային, իսկ Իսպանիան՝ 0:0 խաղալ Կաբո-Վերդեի հետ։ «Մենք Իտալիան ենք» արտահայտությունը գեղեցիկ է հնչում, և մենք միշտ կմնանք Իտալիա, քանի որ պատմությունը չես ջնջի։ Բայց մյուս հավաքականները սովորում են խաղալ նույնքան լավ, որքան մենք, կամ նույնիսկ ավելի լավ»։
Բուֆոնը խոսել է նաև եվրոպական ֆուտբոլում մրցակցության աճի և Իտալիայի հավաքականի հոգեբանական խնդիրների մասին.
«Օրինակ՝ Նորվեգիան հիմա Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկն է։ Նրանք անմիջապես զիջում են Իսպանիային, Ֆրանսիային և Անգլիային։ Նորվեգիայի դեմ խաղալիս կարծես հանդիպումը սկսում ես 0:1,5 հաշվից. դրական արդյունքի հասնելու համար պետք է առնվազն երկու գոլ խփել։
Ինչ վերաբերում է մեզ, Ջենարո Գատուզոն ճիշտ էր նկատել՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մրցակիցը վախն է։ Մենք վերապրել ենք ցավալի պարտություններ ու անհաջողություններ, որոնք մինչև հիմա չենք կարողանում մոռանալ։ Այս վիճակից խուսափելու համար նոր գլխավոր մարզիչը պետք է ֆուտբոլիստներին վերադարձնի ինքնավստահությունն ու էնտուզիազմը, ինչպես նաև համոզի նրանց, որ արդյունքի հասնելը միանգամայն հնարավոր է»։




























































