Վաղը՝ հուլիսի 30-ին, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարական «Դեբրեցենին»։
«Նռնագույնների» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, նախորդ խաղում միանշանակ արժանի չէինք պարտության. իհարկե, ցավալի էր այդ պարտությունը, բայց մեր խաղամակարդակն ինձ թույլ է տալիս ասել, որ մենք ի զորու ենք հաղթել այս մրցակցին։ Կարծում եմ՝ առաջին խաղում կրած պարտությունից հետո էմոցիոնալ առումով լիարժեք վերականգնվել ենք և պատրաստ ենք վաղը պայքարել հաջորդ փուլ անցնելու համար։
Արտակ Դաշյանի բացակայությունը մեզ համար մեծ կորուստ է. այո, նա, ցավոք, բաց է թողնելու վաղվա հանդիպումը, և ամենահավանականությամբ դեռ երկու շաբաթ կպահանջվի նրա վերականգնման համար։
Եթե անդրադառնանք «Դեբրեցենի» դեմ կայացած առաջին հանդիպմանը, ևս մեկ անգամ կնշեմ, որ դա հավասար խաղ էր։ Միակ բանը, որ մեզ առաջին խաղում չբավականացրեց, դիպուկ եզրափակումն էր, ինչ կարողացավ անել մրցակիցը։ Եթե ուզում ենք անցնել հաջորդ փուլ, դա պետք է վաղը շտկենք։
Օրեր առաջ թիմին միացած Վիտին լավ ֆիզիկական վիճակում է մոտենում այս հանդիպմանը, քանի որ իր նախկին ակումբի հետ հասցրել էր անցնել նոր մրցաշրջանի համար նախատեսված նախապատրաստական փուլի որոշ հատված. միակ խնդիրը խաղային ադապտացիան է, բայց հուսով եմ՝ նախորդ խաղում ստացած խաղաժամանակը կօգնի, որ վաղվա խաղում ավելի լավ տեսք ունենա։
Հաշվի առնելով առաջին խաղում գրանցված հաշիվը՝ «Փյունիկը» միանշանակ առաջիկա խաղում ավելացնելու տեղ ունի առջևի գծում։ Բայց նախևառաջ պետք է փակենք հակառակորդի ուժեղ կողմերը, հետո նոր օգտվենք նրանց թույլ կողմերից. դրա համար պետք է շատ խելացի և հավասարակշռված ֆուտբոլ խաղալ վաղը», — նշել է Օսեյանը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր հունգարական թիմի նվազագույն հաշվով տարած հաղթանակով (1-0): Պատասխան խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 30-ին, Երևանի ժամանակով 20:00-ին։



























































