Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականը յուրօրինակ կերպով է նախապատրաստվել աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ Թիմը մրցաշարին է մեկնել իր սեփական հսկայական սննդապաշարով և անձնական խոհարարներով՝ նպատակ ունենալով ապահովել ֆուտբոլիստների սովորական սննդակարգը:
Ինչպես հայտնում են VG և Globo պարբերականները, նորվեգական պատվիրակությունն իր հետ մրցաշարի է տարել ընդհանուր առմամբ շուրջ կես տոննա մթերք:
- Թիմի հատուկ սննդային ուղեբեռը ներառում է.
- 300 կգ թարմ ձուկ,
- 116 կգ բրյունուստ (նորվեգական ավանդական շագանակագույն պանիր),
- Ուղիղ 6000 հատ նարինջ։
Բացի այդ, ազգային ընտրանու հետ աշխարհի առաջնություն են մեկնել հայտնի նորվեգացի շեֆ-խոհարարներ, որոնք պատասխանատու են լինելու թիմի խոհանոցի համար։
Նորվեգիայի հավաքականի ներկայացուցիչներն այս որոշումը պարզաբանել են նրանով, որ սովորական սննդակարգի պահպանումը թույլ կտա խաղացողներին չշեղվել կենցաղային անհարմարություններից, իրենց առավելագույնս հարմարավետ զգալ և ավելի հեշտությամբ հաղթահարել ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու պահպանել օպտիմալ մարզավիճակը ողջ մրցաշարի ընթացքում:
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի մարզադաշտերում:
Նորվեգիայի հավաքականն ընդգրկված է I խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Ֆրանսիայի, Սենեգալի և Իրանի ազգային ընտրանիները։
Թիմի գլխավոր աստղը և անվիճելի առաջատարն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդն է, ում համար այս մունդիալն առաջինը կլինի իր պրոֆեսիոնալ կարիերայում:
























































