Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Կիրյակովը «Матч ТВ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այլևս չի կարողանա հանդես գալ եվրոպական առաջատար առաջնություններում։
Ավելի վաղ ֆուտբոլիստի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, հաստատել էր, որ իր որդին առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, սակայն հերքել էր տեղեկությունը, թե Էդուարդն արդեն համաձայնել է տեղափոխությանը՝ ընդգծելով, որ խաղացողի համար առաջնահերթությունը եվրոպական ակումբ տեղափոխվելն է:
– Ի՞նչ եք մտածում Սպերցյանի և նրա՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին: Արժե՞ արդյոք այնտեղ գնալ։
– Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքն այնպիսին է, որ ցանկացած տարբերակ հնարավոր է: Ես ժամանակին նույնպես խաղացել եմ Չինաստանում: Երբ տարիքս արդեն մոտենում էր ֆուտբոլային կարիերայի ավարտին, ևս երեք տարի այնտեղ խաղացի: Ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք Էդուարդը ցանկանու՞մ է մնալ ու շարունակել պայքարել տիտղոսների համար, թե՞ որոշել է ամեն ինչ վճռել հօգուտ լավ պայմանագրի՝ խաղալ, գումար վաստակել և անցնել հանգստի: Եթե նա տեղափոխվի Սաուդյան Արաբիայի առաջնություն, նշանակում է՝ ընտրել է երկրորդ տարբերակը։
– Կարծում եք, որ նա այլևս չի՞ խաղա եվրոպական առաջատար լիգաներում:
– Դժվար թե, այնտեղ նրա համար շատ բարդ կլինի։ Այնտեղ բոլորովին այլ ֆուտբոլ է՝ ավելի ինտենսիվ: Տեսնում եք, թե ինչպիսի վարպետություն ունեն այնտեղի ֆուտբոլիստները… Նույն Ֆրանսիայի առաջնությունում կան թիմեր, որոնք մակարդակով զիջում են ՊՍԺ-ին, բայց միևնույն է՝ շատ բարձր կարգ ունեն: Նրան այնտեղ շատ դժվար կլինի։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կլրանա Սպերցյանի 26-ամյակը։ Նախորդ մրցաշրջանում «ցուլերի» սանը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:





















































