«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է այն երիտասարդ ֆուտբոլիստի անունը, ով հիշեցնում է իրեն կարիերայի սկզբնական շրջանում:
«Կա շատ լավ ֆուտբոլիստների նոր սերունդ, որոնց առջևում դեռ երկար տարիների կարիերա կա: Բայց եթե ես ստիպված լինեի ընտրել միայն մեկին, ապա, հաշվի առնելով նրա տարիքը և այն, ինչին նա արդեն հասել է, առանց կասկածի կնշեի Լամին Յամալի անունը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 778 հանդիպումներում արգենտինացին դարձել է 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Յամալին, ապա ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։


























































