Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին անվանել է աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտներին։
Marca-ի փոխանցմամբ՝ անվանի ֆրանսիացին առանձնացրել է գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին, ինչպես նաև Ֆրանսիայի և Իսպանիայի ընտրանիներին՝ ընդգծելով, որ այս թիմերը գտնվում են միևնույն բարձր մակարդակի վրա։
«Կարծում եմ՝ Խորվաթիան մեզ այլևս չի զարմացնի այնպես, ինչպես նախկինում, քանի որ նրանց «ոսկե դարաշրջանը» մոտենում է ավարտին»,- հայտարարել է Անրին։
Լեգենդար ֆուտբոլիստը նաև խոստովանել է, որ իրեն շատ է դուր գալիս Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանական օղակը։ Նրա կարծիքով՝ մրցաշարում հաջողության հասնելու լավ հնարավորություններ կունենան նաև Անգլիայի, Բրազիլիայի, Նորվեգիայի, Գերմանիայի և անգամ Սենեգալի հավաքականները։
«Իրականությունն այն է, որ աշխարհի առաջնությունում ամեն ինչ կարող է պատահել։ Շատ բան կախված կլինի մրցաշարային ցանցից»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
























































