«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը ցանկանում է, որ այս ամռանը կատալոնական ակումբը բարձրակարգ հարձակվողի ձեռք բերի: Ինչպես հայտնում է Fichajes-ը, երիտասարդ ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» ղեկավարությանը տեղեկացրել է, որ թիմում կնախընտրեր տեսնել «Գալաթասարայի» ռմբարկու Վիկտոր Օսիմհենին:
Առայժմ պարզ չէ, թե որքանով է իրատեսական նման տրանսֆերը: Հիշեցնենք, որ նիգերիացի հարձակվողը 2025 թվականին էր իտալական «Նապոլիից» տեղափոխվել «Գալաթասարայ»՝ 75 միլիոն եվրոյի դիմաց: Նրա գործող պայմանագիրը թուրքական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում «Գալաթասարայի» կազմում անցկացրած 29 հանդիպումներում դարձել է 19 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո:


























































