Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերադարձել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին և պատրաստ է մասնակցել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպմանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը բաց է թողել մարզումը՝ Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (1:1) ստացած հոնքի պատռվածքի և դրա հետևանքով առաջացած անհարմարության պատճառով։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել այդ հանդիպման 88-րդ րոպեին. Մբապեն դեպի դարպասապահի հրապարակ շարժվելիս բախվել էր պաշտպան Ռեյսին, ինչից հետո վայր էր ընկել: Բացի ոտքերի բախումից, մրցակիցը նաև ձեռքով հարվածել էր Կիլիանի դեմքին:
























































