Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» կողմից իր տրանսֆերի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությանը։ Ավելի վաղ հայ ֆուտբոլիստը հաստատել էր, որ «կապտանռնագույնների» ներկայացուցիչների հետ նախնական շփումներ են եղել։
Ռուսական «Чемпионат» պարբերականի թղթակից Իլյա Նիկուլնիկովի հետ զրույցում Սպերցյանը պատասխանել է իսպանական գրանդի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ հարցերին․
— Դուք խոսել էիք «Բարսելոնայի» հետ շփումների մասին։ Ձեզ չզարմացրե՞ց այն փաստը, որ նրանք չկարողացան 6-8 միլիոն եվրո հատկացնել Ձեր տրանսֆերը գնելու համար։
«Մեր խոսակցությունն ուղղակիորեն այդպես չի ընթացել։ Ինձ կապեցին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ, և մենք զրուցեցինք FaceTime-ի միջոցով։ Թե ինչ որոշում նրանք կայացրին դրանից հետո, ես տեղյակ չեմ»։
— Իսկ հիմա «Բարսելոնայում» ափսոսո՞ւմ են բաց թողած հնարավորության համար։
«Չգիտեմ (ծիծաղում է)»։
— Բայց կցանկանայի՞ք հավատալ դրան։
«Կցանկանայի, ինչո՞ւ ոչ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 25-ամյա կիսապաշտպանը Ֆյոդոր Սմոլովի «Smol Talk» YouTube-յան նախագծի եթերում պատմել էր, թե ինչպես են իր հետ կապ հաստատել կատալոնական ակումբից։
























































