«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ֆյոդոր Սմոլովի Smol Talk YouTube-յան նախագծի եթերում բացահայտել է ուշագրավ մանրամասներ՝ կապված կատալոնական «Բարսելոնայի» հնարավոր հետաքրքրության հետ։ Նա պատմել է ֆուտբոլի լեգենդ, ակումբի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
Ֆուտբոլիստի խոսքով՝ կապը հաստատվել է անմիջապես Կլյուվերտի նախաձեռնությամբ, երբ վերջինս գտնվում էր «Բարսելոնայի» մարզաբազայում.
«Մի հետաքրքիր պատմություն կա։ Ինձ կապեցին Պատրիկ Կլյուվերտի հետ։ Մենք խոսում էինք տեսազանգով (FaceTime), և նա հետաքրքրվեց իմ ներկայիս կարգավիճակով ու իրավիճակով»,- նշել է Սպերցյանը։
Թեև Կլյուվերտը ներկայումս պաշտոնական պաշտոն չի զբաղեցնում ակումբում, նա անմիջական կապի մեջ է եղել «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ։ Ըստ հայ կիսապաշտպանի՝ կատալոնացիները տրանսֆերային շուկայում շտապ ձախ եզրային հարձակվող էին փնտրում։
«Կլյուվերտն ինձ հարցրեց. «Ասա ինձ, կարո՞ղ ես հարձակման ձախ եզրում խաղալ»։ Ես ասացի՝ այո։ Նա արձագանքեց. «Արի ես հիմա զանգեմ Դեկուին և ճշտեմ իրավիճակը, որովհետև նրանք չեն կարողանում գնել Նիկո Ուիլյամսին, և նրանց շտապ ձախ եզրային է պետք»»,- պատմել է ֆուտբոլիստը։
«Ինձ համար տարբերություն չկա, թե որ դիրքում կխաղամ»
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Բարսելոնայի» ֆինանսական դժվարություններին (հայտնի է, որ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի համար պահանջվում էր 70-80 մլն եվրո)։ Սպերցյանը նշել է, որ պատրաստ էր ցանկացած դիրքում հանդես գալ, եթե խոսքը վերաբերում է նման մեծության ակումբի.
«Երբ նա հարցրեց ձախ եզրում խաղալու մասին, ես պատասխանեցի. ««Բարսելոնայո՞ւմ»։ Ինձ համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղ կխաղամ»։ Նա խոստացավ վերադառնալ այս խոսակցությանը, սակայն հետո այնտեղ որոշակի խնդիրներ առաջացան»։
Հարցին, թե արդյոք «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին դեմ չէր լինի այս տեղափոխությանը և չէր ստիպի մնալ ակումբում, Սպերցյանը վստահություն է հայտնել.
«Կարծում եմ՝ եթե «Բարսելոնան» 6-8 միլիոն եվրոյի առաջարկ աներ, Սերգեյ Նիկոլաևիչն ինձ բաց կթողներ»։
Այս մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 խաղ , խփել 13 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։























































