UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն առանձնացրել է խառը մենամարտերի (MMA) երկու հեռանկարային մարտիկների, որոնք մարզվում են իր գլխավորությամբ՝ կանխատեսելով նրանց փայլուն ապագա։
«Կա երկու մարտիկ, որոնց հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել։ Կարծում եմ՝ աշխարհում քչերը կկարողանան նրանց հաղթել։ Խոսքը գերթեթև քաշային Ռենատ Խավալովի և թեթև քաշային Ամրու Մագոմեդովի մասին է։ Ես վաղուց եմ այս մարզաձևում և վստահաբար կարող եմ ասել՝ աշխարհում կա ընդամենը 2-3 հոգի, որոնք ի զորու են մրցակցել այս տղաների հետ», — նշել է Նուրմագոմեդովը Red Corner MMA-ին տված հարցազրույցում։
Լեգենդար մարզիկը հավելել է, որ մանկուց շրջապատված լինելով չեմպիոններով՝ հստակ տեսնում է այդ ներուժը․ «Այս երկուսն այնքան լավն են, որ մրցակիցների մեծ մասը ոչինչ չի կարողանա նրանց հակադրել»։
Անպարտելի Խավալովը (10-0) և Մագոմեդովը (9-0) հանդես են գալու Դուբայում կայանալիք PFL-ի (Professional Fighters League) առաջիկա մրցաշարում։ Մրցաշարի գլխավոր իրադարձությունը լինելու է Խաբիբի թիմի մեկ այլ ներկայացուցչի՝ Ուսման Նուրմագոմեդովի մենամարտը, որը կպաշտպանի իր չեմպիոնական գոտին Ալֆի Դևիսի դեմ պայքարում։



























































