«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան կիսվել է ժամանակակից ֆուտբոլի մթնոլորտի վերաբերյալ իր տեսակետով։
«Ցավոք, մարզադաշտի մթնոլորտը փոխվել է։ Անցյալ մրցաշրջանում ես եղել եմ «Օլդ Թրաֆորդում»՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, և ինձ թվաց, որ այնտեղ լռություն էր տիրում։ «Յունայթեդի» երկրպագուները նախընտրում են գնալ արտագնա խաղերին, որպեսզի լինեն իսկական երկրպագուների կողքին, այլ ոչ թե շրջապատված մարդկանցով, ովքեր աշխարհի տարբեր անկյուններից են եկել միայն ատրիբուտների խանութ մտնելու համար։
Մենք պետք է ավելի մոտ լինենք իսկական ֆուտբոլին, աշխատավոր մարդկանց։ Ֆուտբոլը աշխատավոր դասի խաղ է, և կարևոր է չմոռանալ այդ մասին։ Եթե ես ապրեի Անգլիայում, կնախընտրեի երկրպագել երրորդ կամ չորրորդ դիվիզիոնի ակումբի։ Ես չեմ տեսնում այն էներգիան, որը մենք ունեինք նախկինում։ Դա երկրպագուների մեղքը չէ, դա ակումբների ղեկին կանգնածների, տնտեսական համակարգի մեղքն է», – Կանտոնայի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։




























































