Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական մեդալը նվաճեց:
Մինչև 23 տարեկանների 85 կգ քաշայինների պայքարում Մարտին Պողոսյանը դարձավ երկամարտի արծաթե մեդալակիր:
Հայ ծանրորդը պոկում վարժությունում ունեցավ երկու հաջող մոտեցում՝ բարձրացնելով 149 կգ և 153 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 156 կգ ծանրաձողը։ Այս վարժությունում Պողոսյանը գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժության ընթացքում մեր մարզիկը նախ բարձրացրեց 186 կգ, ապա երկրորդ փորձից հաջողությամբ գլխավերևում պահեց 190 կգ-ն՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 343 կգ արդյունքով Մարտին Պողոսյանը կանգնեց պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ հռչակվելով Մ-23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն։
Հիշեցնենք, որ մրցումային այս օրը հայ ծանրորդների համար բավականին հագեցած էր։ Ավելի վաղ երիտասարդների 95 կգ քաշային կարգում Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 347 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը՝ պոկում վարժությունում արժանանալով արծաթե մեդալի։
Կանանց 77 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանը պոկում վարժությունում (102 կգ) նվաճել էր փոքր բրոնզե մեդալ, սակայն հրում վարժությունում վնասվածքի պատճառով ստիպված էր եղել լքել պայքարը։ Նույն քաշային կարգում հանդես եկող Ալինա Սուքիասյանն էլ երկամարտի 221 կգ արդյունքով զբաղեցրել էր Եվրոպայի առաջնության 4-րդ տեղը։


























































