Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնությունը: Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը։
Աննա Ամրոյանը պոկում վարժությունում անհաջող մեկնարկից հետո հաջորդաբար բարձրացրեց 98 կգ և 102 կգ կշռող ծանրաձողերը՝ նվաճելով այս վարժության բրոնզե մեդալը։ Ցավոք, հրում վարժության առաջին իսկ մոտեցման ժամանակ հայ ծանրորդուհին վնասվածք ստացավ և ստիպված եղավ լքել հետագա պայքարը։ Բարեբախտաբար, Ամրոյանի վնասվածքը լուրջ չէ։ Ընտրանու մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 98 կգ և 101 կգ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Հրում վարժությունում Սուքիասյանն ունեցավ միայն մեկ հաջող մոտեցում՝ բարձրացնելով 120 կգ, սակայն չկարողացավ սանձել 125 կգ-ն և գրավեց 5-րդ տեղը: Երկամարտի 221 կգ արդյունքով նա Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ երիտասարդների 95 կգ քաշային կարգում հանդես էր եկել Վալերիկ Մովսիսյանը: Նա պոկում վարժությունում (160 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ երկամարտի 347 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Մրցումային այս օրվա շրջանակում մրցահարթակ է դուրս եկել նաև Մ-23 տարեկանների 85 կգ քաշային կարգում հանդես եկող Մարտին Պողոսյանը, որի գրանցած արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:




























































