«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան հայտնել է, որ զրուցել է թիմի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի հետ՝ վերջինիս «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
«Մենք առանձնազրույց ենք ունեցել այդ թեմայով։ Նա գիտի, թե որքան եմ ես գնահատում իրեն։ Ես արտահայտել եմ իմ կարծիքը։ Իհարկե, չեմ կարող բացահայտել մեր զրույցի մանրամասները, քանի որ դա անձնական էր։ Վստահ եմ, որ նա լսեց ինձ։ Կարծում եմ՝ նա ինքը պետք է որոշի իր ապագան։ Ես միայն կարող եմ մաղթել, որ նա ընտրի լավագույն տարբերակը և շարունակի աշխատել նույն նվիրվածությամբ», — ասել է Կորդոբան Metaratings.ru-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ «Чемпионат»-ը հայտնել էր, որ Սպերցյանն ինքն է հրաժարվել «Սաութհեմփթոն» տեղափոխությունից։ Ակումբի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը BBC-ին նշել է, որ տրանսֆերի շուրջ բանակցությունները դանդաղ են ընթանում, և յուրաքանչյուր կողմ ունի իր ծրագրերը։
Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ 25-ամյա կիսապաշտպանը 152 խաղում խփել է 49 գոլ և կատարել 39 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։




























































