«Մանչեսթեր Յունայթեդի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը Legalbet-ին տված հարցազրույցում քննադատաբար է արտահայտվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության վերաբերյալ։
«Հեքիաթներ կարելի է ամեն օր կարդալ։ Եթե առաջարկ լիներ, նա, երևի, արդեն ուրիշ առաջնությունում կխաղար։ Ինչո՞ւ նրա գործակալները այսքան մրցաշրջաններում չկարողացան վաճառել նրան։ Եթե առաջարկ կա՝ հավաքում ես իրերդ ու շտապում ես կայարան։ Իսկ մենք, դուրս է գալիս, ամեն օր հեքիաթներ ենք կարդում։
Բավական է ինքներս մեզ խաբենք։ Եթե հետաքրքրություն կա՝ տեղափոխվեք, պետք չէ բաներ հորինել։ Երբ ինձ «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկ եղավ, միանգամից մեկնեցի։ Իրերս հավաքեցի ու վազեցի։ Ասում են՝ մի տեղից են ուզում, մի ուրիշ տեղից էլ… Եթե այդ գործակալները երեխաներ ունեն, ապա թող տուն գնան ու հեքիաթներ կարդան իրենց երեխաներին», — ասել է Կանչելսկիսը Legalbet-ի թղթակից Անդրեյ Կոլոսովին։
Մայիսին հաղորդվում էր, որ Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել անգլիական «Լիդսը», որը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով վերադարձել է ԱՊԼ։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ 2024/25 մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ «Ցլերի» 25-ամյա կիսապաշտպանը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան։
Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
Վերջին տարիներին Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ֆրանսիական «Լանսը», պորտուգալական «Պորտուն» և իսպանական «Սևիլիան»։




























































