«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի անձնական կյանքը հայտնվել է սոցիալական ցանցերի ուշադրության կենտրոնում։ Շուտով 18-ամյակը նշող ֆուտբոլիստին Սիցիլիայում արձակուրդի ժամանակ նկատել են 30-ամյա բլոգեր և ֆիթնես-մոդել Ֆատի Վասկեսի հետ։
Համացանցում տարածված լուսանկարում Վասկեսը նստած է Յամալի հետևում՝ ջրային տրանսպորտի վրա։ Այս լուրը բուռն քննարկումներ է առաջացրել՝ հիմնականում նրանց տարիքային զգալի տարբերության պատճառով։
Ֆատի Վասկեսը, ով էջ ունի OnlyFans հարթակում, հայտնի է իր բաց լուսանկարներով, որոնք հեշտությամբ կարելի է գտնել համացանցում։ Նրա և Յամալի ենթադրյալ հարաբերությունների մասին լուրերն առաջացրել են բացասական մեկնաբանությունների ալիք, հատկապես որ Յամալը դեռ անչափահաս է։ Վասկեսը պատասխանել է քննադատություններին՝ Instagram-ում հրապարակելով գրառում․
«Տխուր է տեսնել, թե որոշ մարդիկ այնքան մթություն ունեն իրենց մեջ, որ մահ են մաղթում մեկին, ում անգամ չեն ճանաչում։ Նրանց արտացոլածը ավելի շատ իրենց է բնութագրում, քան ինձ։ Ես ընտրում եմ ապրել իմաստալից, զարգանալ և շրջապատել ինձ լույսով։ Իսկ նրանք, ովքեր չարություն են մաղթում, թող բուժվեն, քանի որ ներդաշնակ մարդը չի ցանկանում ուրիշներին ոչնչացնել»։
Լամին Յամալը կտրականապես հերքել է Վասկեսի հետ հարաբերությունների մասին խոսակցությունները։ Կատալոնական Sport պարբերականին տված հարցազրույցում նա հայտարարել է․
«Ես կատեգորիկ հերքում եմ այդ լուրերը։ Մեր միջև ոչինչ չկա»։
Սակայն նրա խոսքերին հավատալը դժվար է։ Կատալոնական Mundo Deportivo-ն անցկացրել է սեփական հետաքննություն և պարզել, որ Յամալն ու Վասկեսը Instagram-ի Stories բաժնում նույն վայրերից լուսանկարներ են հրապարակել։ Երկրպագուներն էլ նկատել են Յամալի սպորտային կոշիկները Վասկեսի լուսանկարներից մեկում։
Սոցիալական ցանցերում կարծիքները տարբեր են։ Օգտատեր @AndyjnrUmaru-ն գրել է․
«Չգիտեմ, թե ինչու եք այսքան բորբոքվել, որ 17-ամյա Յամալը ժամանակ է անցկացնում 30-ամյա կնոջ հետ։ Տղան նրա էջին հետևում էր դեռ 12 տարեկանից։ Ես դրանում վատ բան չեմ տեսնում։ Եթե այսօր այդքան փող ունենայի, կհանդիպեի իմ մանկության սիրո՝ Մեգան Գուդի հետ»։
Մյուս օգտատերերն ավելի մտահոգ են։ @MusialaEra-ն զգուշացրել է․
«Տարիքով մեծ կնոջ հետ հարաբերությունները կարող են վտանգավոր լինել, հատկապես Յամալի պես երիտասարդի համար։ Նման կանայք փորձառու են և կարող են մանիպուլյացիայի ենթարկել երիտասարդներին։ Հուսով եմ՝ սա լուրջ չէ»։
@PavlovicEra-ն նույնպես մտահոգություն է հայտնել․
«Յամալի ընկերուհին գրավիչ է, բայց 30-ամյա անբարոյական։ Պետք չէ միայն նրան մեղադրել, մեղքի բաժին ունեն նաև Յամալն ու նրա ծնողները։ Նման մտածելակերպով նա երկար չի դիմանա ֆուտբոլում։ Կամ կուղղվի, կամ մինչև 2027-ը կդառնա «կարող էր լինել» խաղացող»։
Վասկեսի հասցեին ուղղված վիրավորանքներն ու անեծքները շարունակվում են։ Նա սպառնացել է դատական հայց ներկայացնել․
«Ես ստանում եմ վիրավորանքներ, սպառնալիքներ և սուտ մեղադրանքներ։ Դրանք փաստագրված են։ Զրպարտությունը, ոտնձգություններն ու առցանց սպառնալիքները քրեական հանցագործություն են»։
Ֆատի Վասկեսը ոչ միայն բլոգեր է, այլև գրող։ 2020 թվականին նա հրատարակել է «Եվ թող նրանք գան իմ հետևից» (Y que vengan a por mí) գիրքը, որը հասանելի է Amazon-ում։ Գրքում նա պատմում է իր կյանքի դժվարությունների մասին։ Ըստ տեղեկությունների՝ Վասկեսը ծնվել է 1995 թվականին և կարող է լինել 29 կամ 30 տարեկան։