«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբը, որը պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին և Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլին, ակտիվորեն աշխատում է թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Այս համատեքստում ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով ներկայումս հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբում:
Ըստ ռուսական «Չեմպիոնատ» պարբերականի, սերբական ակումբը նոր, բարելավված առաջարկ է ներկայացրել Թիկնիզյանի տրանսֆերի համար՝ առաջարկելով 2 միլիոն եվրո: Այս գումարը, կարծես, բավարարել է «Լոկոմոտիվի» ղեկավարությանը, և երկու ակումբների միջև համաձայնությունը մոտ է կնքմանը: Նախկինում տեղափոխությունը ձախողման եզրին էր, քանի որ սկզբնական առաջարկները չէին համապատասխանում մոսկովյան ակումբի պահանջներին, սակայն նոր առաջարկը փոխել է իրավիճակը:
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ից 5.5 միլիոն եվրոյով: Այս ընթացքում նա անցկացրել է 122 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում՝ ցույց տալով իր բազմակողմանիությունը:
«Թիկնիզյանի հիմնական առավելություններից մեկը ձախ եզրի բոլոր դիրքերում խաղալու կարողությունն է, ինչը նրան դարձնում է կարևոր ձեռքբերում «Ցրվենա Զվեզդայի» համար: Նա կարող է հանդես գալ որպես ձախ պաշտպան՝ փոխարինելով փորձառու Միլան Ռոդիչին, ով ավարտում է կարիերան ակումբում:
Այս տրանսֆերը «Ցրվենա Զվեզդայի» համար կարևոր քայլ է՝ ուղղված պաշտպանական գծի ամրապնդմանը: Ակումբն արդեն համալրել է կազմը պաշտպաններ Մարկո Վելյկովիչով և Ռոդրիգոյով, որոնք միացել են ազատ գործակալի կարգավիճակով: Թիկնիզյանի հնարավոր տեղափոխությունը կլինի ևս մեկ կարևոր քայլ՝ «Մարականա» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի խաղերին պատրաստվելու ճանապարհին»,- գրում է սերբական Srbija Danas-ը։




























































