Հաջորդ Ֆինալիսիմայի (Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մայրցամաքային առաջնությունների հաղթողների միջև հանդիպում) ամենահավանական ամսաթիվը հաջորդ տարվա մարտն է, հայտնել է արգենտինացի լրագրող Գաստոն Էդուն։ Ֆինալիսիմային կմասնակցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդել էր CONMEBOL-ի, ՈՒԵՖԱ-ի, Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) ներկայացուցիչների հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում։
Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են Ֆինալիսիմայի կազմակերպչական հարցերը։
Արգենտինայի հավաքականը ոչ միայն Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնն է և Աշխարհի չեմպիոնը, այլև նախորդ՝ Ֆինալիսիմա-2022-ի հաղթողը. «ալբիսելեստեն» Լոնդոնի «Ուեմբլիում» 3-0 հաշվով հաղթել էր Եվրո 2020-ի չեմպիոն Իտալիայի թիմին։