Դանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Միկա Բիերեն ավստրիական «Շտուրմից» տեղափոխվել է «Մոնակո»: Այս մասին հաղորդում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում Բիերեն «Շտուրմի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:
Transfermarkt-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կազմել է 13 մլն եվրո։
Բացի ավստրիական «Շտուրմից», նա հանդես է եկել նաև «Ֆուլհեմի» և «Արսենալի» երիտասարդական թիմերում:
Երկու տարի առաջ նույն «Շտուրմի» համար ռեկորդային՝ 20 մլն եվրոյով «Ատալանտա» էր տեղափոխվել մեկ այլ դանիացի՝ Ռասմուս Հոյլունդը, ով այժմ հանդես է գալիս ՄՅՈՒ-ում։ Իսկ Բիերեյի տրանսֆերը երկրորդ ամենաթանկարժեք ելքային տրանսֆերն է «Շտուրմի» պատմության մեջ։