Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը օգնել է մի տղամարդու փրկել ինքնասպանությունից: Այս մասին հայտնում է A Bola-ն։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ին Ուրուգվայի Սյուդադ դե լա Կոստա քաղաքի Լագոմար շրջանում։ Տեղի ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում 49-ամյա տղամարդը զանգահարել է ընտանեկան բռնության բաժին և հայտնել իր մտադրության մասին, որից հետո ազատվել է հեռախոսից և բարձրացել է վեց մետր բարձրությամբ ծառի դժվարամատչելի հատված՝ պահանջելով, որ նրան թույլ տան տեսնել իր կնոջը։
Դեպքի վայր է ժամանել հոգեկան առողջության շտապ օգնության խումբը՝ տղամարդուն աջակցելու և դժբախտ դեպքը կանխելու համար: Սուարեսը, որն արձակուրդի նպատակով տուն էր վերադարձել, հայտնվել է այնտեղ՝ Լագոմարում։ Տեղեկանալով միջադեպի մասին՝ ֆուտբոլիստը գնացել է ծառի մոտ՝ զրուցելու տղամարդու հետ և փորձել համոզել նրան իջնել: Ծառի գագաթին 18 ժամ անցկացնելուց հետո տղամարդը համաձայնել է իջնել: Այժմ նրան կուղարկեն հոգեբուժական փորձաքննության։
Նախորդ մրցաշրջանում Սուարեսն ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ձմեռը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 37-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 2,8 միլիոն եվրո։