Գյումրիի «Շիրակը» հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի առաջնության հանդիպումների հեռարձակման վերաբերյալ:
«Ֆան-ակումբների կողմից ՀՖՖ վերնախավի հրաժարականի պահանջով նախադեպը չունեցող ակցիաներ են իրականացվել առաջնության խաղերի ժամանակ, սակայն մասնավոր Fast TV-ն ոչ միայն շեղել է իր տեսախցիկների պատկերները՝ չցուցադրելով խաղադաշտերում տեղի ունեցողը, այլև իր մեկնաբանների (բացառությամբ Արման Աբելյանի) շուրթերով խեղաթյուրել է իրականությունը։
Այս ֆոնին Fast TV-ն որոշել է նաև հարթակ տրամադրել իրականության զգացումը կորցրած ՀՖՖ դեռ գործող ղեկավարությանը, մինչդեռ այսօր ասելիք ունեն մոտ մեկ ամիս հրաժարականի պահանջով հանդես եկող երկրպագուներն ու նրանց պահանջը կիսող ակումբները։ Վերջիններից ոչ մեկին այս ընթացքում Fast TV-ն հարթակ չի տրամադրել։
Fast TV-ի նման դիրքավորումն ընդունում ենք ի գիտություն և արգելում Գյումրու Քաղաքային ստադիոնից իրականացնել ուղիղ հեռարձակումներ։
Հարգելի երկրպագուներ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ինքնուրույն կապահովի «Շիրակի» տնային խաղերի հեռարձակումը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք՝ Fast TV-ն Հայաստանի առաջնության խաղերի միակ հեռարձակողն է: