Մարտի 30-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն տարածեց, համաձայն որի Բարձրագույն Խմբի առաջնության ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի կողմից հատկացված համերաշխության վճարները։ ՀՖՖ-ից տեղեկանում էինք, որ գումարները փոխանցվել են միայն ԲԽ 9 ակումբներին։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երևան ՖԱ»-ն դադարեցրել է ելույթները ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, «Երևան ՖԱ»-ին հասանելիք գումարը նույնպես համամասնորեն բաժանվել է մնացած 9 ակումբների միջև»,- նշված էր հայտարարության մեջ։
«Երևան» ՖԱ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տարածել է հայտարարություն՝ հիշեցնելով ակումբի հայ երիտասարդների չստացած աշխատավարձերի մասին։ «Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Երեւան ՖԱ-ի հայ ֆուտբոլիստները չեն ստացել իրենց 4-5 ամսվա աշխատավարձերը։ Սրա մասին ֆեդերացիան տեղյակ է եղել ամիսներ շարունակ։ Նման իրավիճակում, երբ բազմաթիվ հայ երիտասարդներ ամիսներով գումար չեն ստացել, ֆեդերացիան որոշում է ՈՒԵՖԱ-ից ստացված միջոցները, որում իր մասնաբաժինն ուներ նաեւ Երեւան ՖԱ-ն, բաշխել մյուս թիմերի միջև, երբ կարելի էր ինչ-որ չափով ֆինանսապես փոխհատուցել հայ ֆուտբոլիստներին»,- ասված է հայտարարության մեջ։
ArmSport-ը, կապ հաստատելով «Երևան» ՖԱ-ի նախկին մամուլի քարտուղար Դավիթ Գյուրջինյանի հետ, տեղեկացավ, որ հայտարությունը տեղադրվել է իր կողմից՝ ի աջակցություն հայ ֆուտբոլիստների, որոնք ևս միացել են այս նախաձեռնությանը։