«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի՝ հոկտեմբերի 10-ին Ֆարերյան կղզիների հետ կայանալիք հանդիպումը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը Հյուսիսային Մակեդոնիայի հետ Ազգերի լիգայի խաղին, որը կկայանա հոկտեմբերի 13-ին, ևս հարցականի տակ է։
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է երեք միավոր և C լիգայի 4-րդ քառյակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար Հյուսիսային Մակեդոնիային զիջելով մեկ միավորով։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի կազմում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։