Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն բավարարել է «Ուրարտուի» բողոքը «Վեստ Արմենիայի» դեմ կայացած խաղի հետ կապված:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Ուրարտուն» խաղից հետո ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե բողոք է ներկայացրել «Վեստ Արմենիա» թիմի կողմից Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 31․09 խախտման մասով։
Faxtex Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի՝ «Ուրարտու» — «Վեստ Արմենիա» հանդիպումից հետո «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը բողոք էր ներկայացրել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ «Վեստ Արմենիա» թիմի կողմից Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 31․09 խախտման մասով, որի համաձայն խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում պետք է միաժամանակ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներից առնվազն 3 ֆուտբոլիստ: Նշված դրույթը խախտող թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն 0։3 հաշվով։
Բողոքում «Ուրարտու» ՖԱ-ն նշել է, որ 74-ից 79-րդ րոպեին «Վեստ Արմենիա» թիմի կազմում խաղադաշտում եղել է մեկ հայ* ֆուտբոլիստ, ինչը և հավաստում է վերոգրյալ դրույթի կոպիտ խախտման մասին։
Բողոքի և կից տեսանյութերի քննարկման արդյունքում ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ամբողջական կազմով որոշեց բավարարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բողոքը և «Վեստ Արմենիայի» նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ տեխնիկական պարտության տեսքով։
Նշված բողոքի բավարարման արդյունքում «Ուրարտուն» այս պահին մրցաշարային աղյուսակում ունի 19 միավոր»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում։
Այսպիսով, «Վեստ Արմենիան» պատժվել է, իսկ «Ուրարտուին» շնորհվել է 3 միավոր։ Այս պահին «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։