ՀՊԼ 9-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» Երևանում մրցել է Կապանի «Գանձասարի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպումը կայացել է Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում: Հանդիպման հաշիվն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին բացել է Մորի Կոնեն։ 54-րդ րոպեին կապանցիների գանացի կիսապաշտպան Իսրայել Օպոկուն հավասարեցրել է հաշիվը: Հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին, գյումրեցիներին հաղթանակ է պարգևել Ռազմիկ Հակոբյանը՝ տուգանայինից խփած գոլով:
Նշենք՝ հանդիպման վերջին րոպեները կապանցիներն անցկացրել են 10 հոգով, երբ Օպոկուն կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից:
Այս հաղթանակից հետո «Շիրակը» իր միավորների թիվը հասցրել է 10-ի և հավասարվել 5-6-րդ տեղերը կիսող «Նոային» ու «Փյունիկին»։ «Գանձասարը» 1 միավորով վերջին տեղում է: