«Բարսելոնան» մտադիր է բաժանվել թիմի հարձակվողներ Անսու Ֆատիից և Վիտոր Ռոկեից, եթե ձեռք բերեն Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսին և «Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանիել Օլմոյին : Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս տրանսֆերների իրականացման դեպքում կատալոնական ակումբը նույնպես վերջնականապես կհրաժարվի Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսի հետ պայմանագիր կնքելու մտքից, որը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Կապտանռնագույնների» կազմում։
Նշվում է, որ Ֆատիին ու Ռոկեին վաճառելով՝ «Բարսելոնան» նախատեսում է խուսափել հարձակման գծում խաղացողների ավելցուկից, ինչպես նաև կրճատել ակումբի աշխատավարձային ֆոնդը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կատալոնական ակումբը Օլմոյին 6 տարվա պայմանագիր է առաջարկել ու բանակցություններ վարել Ուիլյամսի գործակալի հետ։
























































