«Բարսելոնան» մերժել է թիմի 16-ամյա հարձակվող Լամին Յամալին գնելու ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» առաջարկը։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը Յամալին համարում է իրենց նախագծի կարևոր մասը և անընդունելի է համարում նրա վաճառքը։ ՊՍԺ-ի առաջարկը կազմում էր 250 միլիոն եվրո, ինչը կարող է Լամինին դարձնել ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոսին, բրազիլացի հարձակվող Նեյմարը 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ-ը։
Նշվում է, որ կատալոնական ակումբի հետ Յամալի պայմանագրում նշված հրաժարագնի չափը կազմում է 1 միլիարդ եվրո։