Հունգարական «Ֆերենցվարոշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը նոր մարզչի՝ Պասկալ Յանսենի գլխավորությամբ ակտիվորեն պատրաստվում է նոր մրցաշրջանին։ Սևիկյանը Nemzeti sport-ին տված հարցազրույցում նշել է, որ կարճատև հանգստից հետո միացել է Հայաստանի հավաքականին, որտեղ մասնակցել է Սլովենիայի և Ղազախստանի հետ ընկերական հանդիպումներին։ Այնուհետև նա իր ընտանիքի հետ ժամանակ է անցկացրել Մոսկվայում՝ մարզումները սկսելուց առաջ ֆիզիկապես և հոգեպես վերականգնվելու համար:
«Ես ինձ հիանալի եմ զգում և պատրաստ եմ նոր մրցաշրջանին։ Մարզումները շատ ծանր են, բայց դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար։ Թիմ է եկել նոր մարզիչ ու բնականաբար ժամանակ է պետք միմյանց լիովին հասկանալու համար, բայց ես զգում եմ, որ մենք սկսել ենք շարժվել ճիշտ ճանապարհով:Նա ֆուտբոլիստներից պահանջում է անմնացորդ նվիրում, նա իսկական հաղթող տեսակ է, ում հետ թուլանալը իրատեսական չէ»,- Nemzeti sport-ի հետ զրույցում ասել է Սևիկյանը։
Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա խաղացողը նշել է նաև, որ նոր մրցաշրջանում ձգտում է դառնալ թիմի առանցքային խաղացող՝ չնայած բարձր մրցակցությանը։