Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Նունո Մենդեշը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերջին Եվրոպայի առաջնության մասին:
«Այն փաստը, որ սա Ռոնալդուի վերջին Եվրոպայի առաջնությունն է, կարո՞ղ է խթանել թիմին. այո, սա նրա վերջին Եվրոն է, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրան տիտղոս պարգևենք»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Ռոնալդուն դարձել է միակ ֆուտբոլիստը, որը Եվրո-2004-ից հետո մասնակցել է Եվրոպայի 6 առաջնությունների։ Այս տարվա Եվրոյում 39-ամյա հարձակվողը չորս հանդիպում է անցկացրել և մեկ գոլային փոխանցում կատարել:
Քառորդ եզրափակչում Պորտուգալիան կխաղա Ֆրանսիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին: