«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն խոսել է թիմի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի դեմ խաղադրույքների նոր մեղադրանքների մասին։
«Սանդրո Տոնալին բավական տուժել է: Այս հիվանդությունը չդադարեց, երբ նա տեղափոխվեց Անգլիա… Եվ մարդիկ պետք է դրան նայեն հենց այդպես, այլ ոչ եկեք մեղադրանքներ նետենք և ավելի շատ պատժենք նրան։ Ես չեմ կարծում, որ դա արտացոլում է խնդրի արմատը»,- մարզչի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
2023 թվականի հոկտեմբերին Տոնալին 10 ամսով որակազրկվել է Իտալիայում հանդես գալու ժամանակ անօրինական խաղադրույքների պատճառով։ Սպասվում է, որ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2024 թվականի օգոստոսի 27-ին։
Մարտի 28-ին տեղեկություն հայտնվեց, որ 23-ամյա իտալացուն սպառնում է հերթական որակազրկումը խաղադրույքների համար, որոնք նա արդեն կատարել է Անգլիայում։