Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերում թեքբոլիստ Գոռ Սարգսյանը խմբային փուլում ուկրաինացու նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո երկրորդ խաղում զիջել էր Դանիայի ներկայացուցչին և չէր կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ:
Հայաստանի թեքբոլի թիմի մարզիչ Դավիթ Վահրադյանի գնահատմամբ՝ Գոռը դանիացու հետ մրցախաղի արդեն երկրորդ սեթում կարող էր ավարտել խաղն իր օգտին, սակայն հոգեբանական խնդիրների պատճառով չկարողացավ. «Կարծում եմ՝ Գոռի մոտ հոգեբանական խնդիրներ ի հայտ եկան: Հոգնածության խնդիր չկար,քանի որ մենք լավ մարզական հավաք էինք անցկացրել. մեկ շաբաթ առաջ էինք ժամանել Լեհաստան և Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական էինք անցկացրել Վարշավայում:
Ֆիզիկական խնդիր չուներ, կարծում եմ՝ խնդիրը հոգեբանական էր: Երկրորդ սեթում իրեն չբավականացրեց կենտրոնացումը, քանի որ երկրորդ սեթով ամեն ինչ կարող էր վերջանալ»:
Արդեն այսօր Կրակովի գլխավոր հրապարակում թիմային միքսում իրենց ուժերը կչափեն Քրիստինե Մանգասարյան-Ռաֆայել Վարդանյան երկյակը: Մարզչի խոսքով՝ սպասելիքները մեծ են.
«Մեծ սպասելիքներ ունենք մեր զույգերից: Վիճակահանությունը լավն էր, կարծում եմ՝ ունեն քառորդ եզրափակչում հայտնվելու բոլոր հնարավորություններն ունենք»,- ասում է Դավիթ Վահրադյանը:
Նշենք՝ թեքբոլի մրցումներում հուլիսի 1-ին հանդես կգա նաև Գոռ Սարգսյան-Ռաֆայել Վարդանյան զույգը: