Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի՝ «Սևիլիայի» դեմ պատասխան խաղից իր սպասելիքներով։
«Երբ դու այդքան մոտ ես եզրագծին, ուզում ես արագ հասնել դրան, բայց պետք է հանգստություն պահպանել: Ֆուտբոլիստները ցույց են տվել, որ հասկանում են դա։ Մենք շատ բան ենք արել այս փուլ դուրս գալու համար, իսկ այսօր հնարավորություն կունենանք Բուդապեշտի ուղեգիր վաստակել և դուրս գալ ևս մեկ եզրափակիչ։
«Սևիլիան» ուժեղ թիմ է, որը լավ խաղաց Թուրինում: Բաց թողած գոլը մեզ մի փոքր անհանգստացրեց, բայց երկրորդ խաղակեսում մենք բարելավվեցինք մեր խաղը։ Մենք հասկանում ենք, որ «Սևիլիային» կաջակցեն երկրպագուները, բայց մենք պատրաստ կլինենք ամեն ինչի»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին հանդիպումն անցկացվել է Թուրինում և ավարտվել է ոչ-ոքի (1:1): Պատասխան խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։