«Մեծ սաղավարտի» ծրագրով ձյուդոյի միջազգային հերթական մրցաշարը կսկսվի ապրիլի մեկին ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Հայտավորված են 83 երկրների 600 մարզիկներ: Վաղը տատամի կելնի Հայաստանի միակ ներկայացուցիչ, փորձառու Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ): Նա մրցավայր է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:
Արժե նշել, որ «Մեծ սաղավարտի» կհաջորդի համաշխարհային խոշորագույն ստուգատեսը ՝ աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում ՝ մայիսի 7-14 -ը: Աշխարհի առաջնությունում մեծ է Կարապետյանի մասնակցության հավանականությունը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում նա 478 միավորով 91 –րդն է իր քաշային կարգում:
Հիշեցնենք՝ Ֆերդինանդ Կարապետյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտի» վարկանիշային մրցաշարում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը։Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրքմեն Պարահատ Նազարովին, ապա պարտության է մատնել ադրբեջանցի Նարիման Միրզաևին և մտել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է ուզբեկստանցի Օբիտխոմ Նոմոնովին: Երրորդ տեղի համար սփոփիչ մրցամարտում Ֆերդինանդ Կարապետյանը զիջել է վրացի Կոթե Կապանաձեին և ավարտել ելույթները՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Նա վարկանիշային 260 միավոր է հավաքել: