Լիխտենշտեյնյան ակումբը երկրի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային խմբային փուլ։
Լիխտենշտեյնը ներկայացնող «Վադուցը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում ընդհանուր հաշվով հաղթել է վիեննական «Ռապիդին»: Առաջին հանդիպման ոչ-ոքիից հետո (1:1) ավստրիացիները սեփական հարկի տակ պարտվեցին 0:1 հաշվով:
«Վադուցը» Լիխտենշտեյնը ներկայացնող պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը խաղում է Շվեյցարիայի Սուպերլիգայում։ Լիխտենշտեյնի գավաթում հաղթանակների քանակով ռեկորդակիր է և առաջին ակումբը, որը ներկայացնում է Լիխտենշտեյնը եվրագավաթների մրցաշարերում: «Վադուցը» նաև Լիխտենշտեյնի առաջին թիմն է, որն իրավունք է ստացել խաղալ Շվեյցարիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում: Ակումբը 5 մրցաշրջան է անցկացրել Շվեյցարիայի Սուպերլիգայում (2008/09, 2014/15-2016/17 և 2020/21):
«Վադուցն» ընդգրկված է հարևան երկրի առաջնությանը մասնակցող ֆուտբոլային ակումբների ցանկում։ Այդպիսի ակումբներ են, օրինակ, «Սուոնսի Սիթին» և «Քարդիֆ Սիթին», որոնք ներկայացնում են Ուելսը Անգլիայի ֆուտբոլային լիգայի համակարգում, «Մոնակոն» Ֆրանսիայի առաջնությունում կամ «Սան Մարինո Կալչոն»՝ Իտալիայի առաջնությունում։ Տարբերությունը կայանում է նրանում, որ «Վադուցը» «հյուր թիմի» կարգավիճակ ունի։ Դա թույլ չի տալիս ակումբին ներկայացնել Շվեյցարիան եվրոպական մրցաշարերում: Եթե անգամ հաղթեն Շվեյցարիայի առաջնությունում, «Վադուցը» չի կարողանա խաղալ Չեմպիոնների լիգայում։ Բացի այդ, 1992/93 մրցաշրջանից ի վեր «Վադուցը», ինչպես Լիխտենշտեյնի մյուս բոլոր ակումբները, չի մասնակցել Շվեյցարիայի գավաթի խաղարկությանը։ «Վադուցը» կարող է հայտնվել Չեմպիոնների լիգա միայն այն դեպքում, եթե հաղթի Եվրոպայի լիգան։