Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Եգիպտոսի հավաքականի հետ և 2,5-1,5 հաշվով հաղթանակ տարել։
Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ է տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանը պարտիաները ոչ-ոքի են ավարտել։
Հիշեցնենք՝ Հայաստանի կանանց հավաքականն օլիմպիադայի 3-րդ տուրում ավելի վաղ 1,5-2,5 հաշվով պարտություն էր կրել Էստոնիայի ընտրանուց։ Էլինա Դանիելյանը պարտվել էր Մայի Նարվային, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ ոքի էին խաղացել։
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։