Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ինտեր»։
— Հայաստանի հավաքականից քո հեռանալուց հետո դեռ կայուն կենտրոնական հարձակվող չի եղել, միայն Կարապետյանը: Հիմա կա՞ խաղացող, ով կարող է փակել այս դիրքը:
— Երիտասարդական հավաքականներում կան հարձակվողներ, ովքեր հետագայում պետք է փակեն այս դիրքը։ Բայց ֆուտբոլը փոխվում է։ Կան թիմեր, որոնք խաղում են առանց հարձակվողի, «կեղծ ինը» խաղացողով: Հաղթելու համար ինձ պես հարձակվողով պարտադիր չէ խաղալ, դա կախված է մարզչից:
— Մխիթարյանի համար դեռ վա՞ղ էր կարիերան հավաքականում ավարտելը։
— Յուրաքանչյուր խաղացող ինքն է որոշում, ես նույնպես շուտ ավարտեցի: Բայց որ նա հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, կասկած չկա, նման խաղացողը ցանկացած պահի կօգներ ազգային հավաքականին։
— Երիտասարդներից ինչ-որ մեկը կարո՞ղ է նույն մակարդակին հասնել: Օրինակ՝ Էդիկ Սպերցյա՞նը, թե՞ Վահան Բիչախչյանը։
— Իհարկե՛: Տղաները նման պոտենցիալ ունեն, երկուսն էլ շատ ուժեղ խաղացողներ են, շատ մեծ ապագա ունեն։
— Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր», կարո՞ղ է այնտեղ առաջատար դառնալ:
-Հիանալի տրանսֆեր, «Ինտերը» մեծ ակումբ է։ Ես իսկապես հույս ունեմ, որ Հենրիխը կկարողանա մեծ բարձունքներ նվաճել նոր ակումբում, և վստահ եմ, որ նա կդառնա առաջատար և իր խաղով բոլորին կապացուցի, որ վատը չէ մյուս խաղացողներից։ Կարևորը նրա առողջությունն է, մնացածն ինքը կանի այնպես, ինչպես պետք է։