«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի բանակցություններն ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար կրկին փակուղի են մտել Ուեսթոն Մաքքենիի տանը երեկույթի շուրջ սկանդալից հետո, հայտնում է Calciomercato-ն:
Ակումբը հետ է վերցրել պայմանագրի առաջարկը, որի մասին դեռ դեկտեմբերին էր խոսել «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին: Պայմանագիրը ենթադրում էր յուրաքանչյուր մրցաշրջանի 10 միլիոն եվրո աշխատավարձ, գումարած բոնուսներ, որոնց շնորհիվ Դիբալան ընդգրկվելու էր Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն 20-յակում:
Հիշեցնենք, որ Դիբալան, Մաքքենին և Արտուրը ակումբի կողմից պատժվել են հակակորոնավիրուսային կանոնները խախտելու համար: Ֆուտբոլիստները տուգանվել և ժամանակավորապես հեռացվել են թիմի հիմնական կազմից:
Սրա պատճառը ամերիկացի կիսապաշտպանի տանը անցկացրած երեկույթն էր, որին մասնակցել է մոտ 20 մարդ։
2020/2021 մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 11 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացին վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել հունվարի 10-ից: