Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում «Լոկոմոտիվը» «Արարատ-Արմենիա-2»-ին հաղթել էր 3:1 հաշվով:
Կարգապահական կոմիտեի նախորդ նիստում «Լոկոմոտիվին» տեխնիկական պարտություն էր գրանցվել.
Պատճառն այն էր, որ թիմի կազմում չթույլատրված ֆուտբոլիստ է հանդես եկել` Օլեգ Լուցենկոն:
Հայտարարության մեջ նշված էր.
11. 05/11/19թ. «Արարատ-Արմենիա-2»-«Լոկոմոտիվ» (ԱԽ126) խաղի մասին (Հանդիպմանը «Լոկոմոտիվ» թիմի կազմում մասնակցել է որակազրկված ֆուտբոլիստ Օլեգ Լուցենկոն) ՈՐՈՇԵՑԻՆ` 11. 05/11/19թ. «Արարատ-Արմենիա-2»-«Լոկոմոտիվ» (ԱԽ126) խաղին («Լոկոմոտիվ» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ խաղացնելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն` «Լոկոմոտիվ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով, մրցակցին՝ տեխնիկական հաղթանակ 3։0 հաշվով, «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 ՀՀ դրամ:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին ԿԿ-ի հերթական նիստում այլ որոշում է կայացվել.
13․ ՄԿԱ բաժնի ծառայողական գրության քննարկում․ Սույն թվականի օգոստոսի 13-ին կայացած ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2019/20 մրցաշրջանի առաջնության «Վան»-«Լոկոմոտիվ» (ԱԽ012) հանդիպմանը զգուշացվել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Օլեգ Լուցենկոն, սակայն տվյալ հանդիպման մրցավար Արթուր Սաֆարյանը հետխաղյա արձանագրությունը լրացնելիս սխալմամբ արձանագրության մեջ նշել է մեկ այլ ֆուտբոլիստի ՀՖՖ գրանցման համար՝ N33519, որը ֆուտբոլիստ Եվգենիյ Գրիգորիուսի ՀՖՖ գրանցման համարն է: Արդյունքում տեղի է ունեցել սխալ հաշվարկ: ՈՐՈՇԵՑԻՆ` Կարգապահական և Էթիկայի կոմիտեի N19-20-14 նիստի կետ 11-ի որոշումը չեղյալ համարել։ «Արարատ-Արմենիա-2»-«Լոկոմոտիվ» հանդիպման հաշիվը վերականգնել և վաստակած 3 միավորը գրանցել «Լոկոմոտիվ» թիմի օգտին։