Այսօր ArmSport.am-ին հայտնի էր դարձել, որ փորձել են քանդել Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող, դեռևս 1935 թվականից գործող «Սպարտակ» մարզահամալիրը: Մեզ հայտնի էր դարձել նաև, որ քանդման ապօրինի գործընթացը դադարեցրել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:
Այս մասին ArmSport.am-ը մեկնաբանություն էր վերցրել անձամբ փոխնախարարից, որը չէր հերքել լուրերի իսկությունը:
«Սպարտակ» մարզահամալիրը գտնվում է «Հայաստան մարզական կազմակերպություն» ՀԿ-ի ենթակայության տակ: Նշենք, որ ՀԿ-ն պետական ֆինանսավորում է ստանում տարեկան 304 միլիոն ՀՀ դրամի չափով: Այս տեղեկությունը նախարարությունից չեն հերքել:

Մարզահամալիրի քանդման մասին պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաև «Հայաստան մարզական կազմակերպություն» ՀԿ նախագահ Սոկրատ Պետրոսյանի հետ հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց քանդելու մասին լուրերը:
«Նման բան չկա: Մենք բարեկարգում ենք տարածքը, աղբանոցն ենք մաքրում: Ոչ մի շինարարություն էլ չի նախատեսվում: Մենք գրել ենք քաղաքապետարանին, կստանանք նրանց պատասխանն ու կշարունակենք մեր բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետարանին ուղարկած նամակին կցել ենք տարածքի նկարները: Պարզապես լավ եղանակ էր, մտածեցինք մաքրման աշխատանքներ անել: Այդքան բան», — ասաց Պետրոսյանը:


Եթե քաղաքապետարանի թույլտվությունը ժամանակին ստացվի, ապա կփորձեն տարածքի բարեկարգման աշխատանքները հասցնել մինչև տարեվերջ: Հակառակ պարագայում այն կկատարվի հաջորդ տարվա գարնանը: Պետրոսյանն այդ աշխատանքների՝ միայն հիմա նախաձեռնելը բացատրում է իր՝ «Հայաստան մարզական կազմակերպություն» ՀԿ-ի նախագահի պաշտոնը ընդամենը 2 ամիս առաջ զբաղեցնելու փաստով:
Այն հարցին, թե ճիշտ է արդյոք տեղեկությունը, որ այդ աշխատանքները դադարեցվել են ԿԳՄՍ նախարարության կողմից, Պետրոսյանը ասաց.
«Նախարարությունն ինչ կապ ունի: Մենք ՀԿ ենք: Աշխատանքների համար թույլտվությունը ստանալու նպատակով քաղաքապետարանին ենք դիմել»:

Մեր հարցին, որ ՀԿ-ն ֆինանսավորվում է կառավարությունից, Սոկրատ Պետրոսյանը պարզաբանում է.
«Կառավարությունը մեզ մանկապատանեկան սպորտի զարգացման համար հատկացնում է տարեկան 305 միլիոն դրամ: Այդ գումարից մոտ 290 միլիոն դրամը վճարվում է մեր ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների աշխատակիցներին՝ որպես աշխատավարձ: Դրանից բացի բազմաթիվ այլ ծախսեր կան՝ գույքահարկից սկսած»:
Եվս մեկ անգամ փորձեցինք հստակեցնել՝ արդյոք որևէ շինարարություն չի նախատեսվում տարածքում: Պետրոսյանը պնդեց, որ «Սպարտակը» ծառայելու է բացառապես միայն թեթև աթլետիկայի համար:
«Ինչ որ արվում է, միայն սպորտի համար է: Հիմա տարածքը շատ վտանգավոր է երեխաների համար», — եզրափակում է ՀԿ նախագահը:
Հռիփսիմե Գալստյան