Գյումրիի «Շիրակի» երկարամյա մարզիչ Վարդան Բիչախչյանն այսօր գլխավորեց Երևանի «Արարատը»:
Անվանի մասնագետը խոսել է այդ տեղափոխության մասին, տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
«Արդեն տասը տարի է ես աշխատում էի «Շիրակում», որտեղ որպես ֆուտբոլիստ ևս անցկացրել եմ երկար տարիներ: Կարծում եմ, որ մարզչական գործում տաս տարին պատկառելի ժամանակահատված է և հասունացել էր այն պահը, որ պետք էր փոփոխությունների գնալ:
Այս ամենին գումարվեց նաև այն, որ «Արարատ» ակումբից ստացա առաջարկ, գլխավորելու երևանյան թիմը: Վերջերս «Արարատի» գործադիր տնօրեն է դարձել Արթուր Նազարյանը, որին վաղուց եմ ճանաչում: Նազարյանի հետ ունեցանք երկար քննարկում, որից հետո կայացրի նման որոշումը:
«Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը պետք է պայքարի ամենաբարձր արդյունքների համար: Թիմի կազմում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, որի մասին կխոսենք ավելի ուշ»,- ասել է Բիչախչյանը:
Հիշեցնենք ՝ ավելի վաղ, Բիչախչյանը հրաժեշտի խոսքով դիմել էր «Շիրակի» երկրպագուներին: