«Լվովի» նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հաստատել է, որ մարզչական կարիերան կշարունակի Հայաստանում. արդեն կիրակի՝ հունիսի 28-ին, նա իր առաջին հանդիպումը կանցկացնի ԲԽ-ի թիմերից մեկի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ավելի վաղ ArmSport-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը կարող է հայկական ակումբ գլխավորել:
«2-3 օր հետո արդեն կընդունեմ իմ նոր թիմը: Առաջարկներ ունեի, ես դա ասել եմ դեռ մեկ ամիս առաջ: Ես երեք առաջարկ եմ ունեցել ու արդեն ընտրել եմ, թե ուր կգնամ: 2-3 օր անց ես արդեն կսկսեմ պաշտոնապես աշխատել: Կիրակի օրը առաջին հանդիպումն է:
Ես ավելի լավ պայմաններ կունենամ նոր ակումբում: Որտեղ ես գնում եմ, կա Եվրոպա լիգա: Վստահ եմ, որ մենք կմասնակցենք այդ մրցաշարին: Թիմը ունի այդ ներուժը, ես դա տեսնում եմ: Ես թիմը վերլուծել եմ 15 օր: Այն կլինի Հայաստանում», — մեջբերում է Մելիքյանին Футбол news-ը:
Նշենք, որ կիրակի օրը՝ հունիսի 28-ին, Բարձրագույն խմբի առաջնության շրջանակում կկայանա երեք հանդիպում․ «Ալաշկերտ»-«Նոա», «Լոռի»-«Արարատ-Արմենիա», «Ուրարտու»-«Փյունիկ»։