Անվանի մասնագետ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը կարող է հայկական ակումբ գլխավորել: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
Մելիքյանը, որը լքել է ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզչի պաշտոնը, վաղը կժամանի Հայաստան՝ բանակցելու ԲԽ-ի ակումբներից մեկի հետ:
«Ես կոնկրետ առաջարկ ունեմ ակումբից, որն այնպիսի նպատակներ է դնում իր առջև, որոնք իսկապես կարող են իրագործվել: Այդ պատճառով ես ընտրեցի այս ուղին:
Այնտեղ խաղում է առաջնության լավագույն խաղացողներից մեկը, բացի այդ, կան որակավորված լեգեոներներ: Հուսով եմ, որ նոր տեղում ես կկարողանամ ամբողջությամբ իրագործել ցանկությունները և կիրառել հնարավորությունները, ինչպես իմ, այնպես էլ՝ ակումբային»,- ավելի վաղ ասել էր Մելիքյանը՝ խոսելով նոր ակումբի մասին:
Հիշեցնենք՝ Մելիքյանի և «Լվովի» միջև պայմանագիրն ավարտվել էր ու չէր երկարաձգվել՝ երկկողմ համաձայնությամբ:
Մելիքյանն ուկրաինական ակումբը գլխավորել էր նախորդ տարվա հոկտեմբերին: «Լվով» ՖԱ-ն հայ մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 15 հանդիպում ՈՒՊԼ-ում, տարել 3 հաղթանակ, 5 խաղ ավարտել ոչ-ոքի և 7 պարտություն կրել: